Friday, September 9, 2016

TF2 vs Overwatch, վերլուծություն

TF2 vs Overwatch

Որոշեցի վերջնական վերլուծություն անց կացնել ու օբյեկտիվ համեմատել Overwatch-ն ու Team Fortress 2-ը: Ֆիքսեմ, որ խաղերը համեմատվելու են իրենց ներկայիս վիճակով, ոչ թե թողարկման պահի/ապագայի պոտենցիալի տեսանկյունից: Ֆիքսեմ նաև, որ խաղերի մեջ դուք ներդրում եք ինչպես ձեր գումարը, այնպես էլ ժամանակը: Multiplayer-only խաղերը, որոնք սյուժե չունեն, ձեզ ունիկալ պատմություն չեն պատմում: Իրենք չեն պատկանում նույն կատեգորիային, ինչ ֆիլմը կամ գիրքը: Դուք խաղում եք խաղ, ստանում կոնկրետ հաճույք: Ինչքան շատ եք խաղում, այնքան ավելի եք վարպետանում ու, եթե խաղը լավն է, ավելի շատ հաճույք եք ստանում խաղալուց: Այնպես որ, դրամական ծախսից բացի շատ էական է նաև, թե ինչքանով է արդարացված ժամանակային ծախսը:

Թե՛ Team Fortress 2-ը, թե՛ Overwatch-ը միայն multiplayer-ով class-based shooter-ներ են. դուք ընտրում եք պերսոնաժ, որն ունի կոնկրետ դաս, կոնկրետ դեր թիմի մեջ, ունիկալ ունակություններ: Խաղում եք թիմով՝ ընդդեմ ուրիշ թիմի կամ AI հակառակորդների: Երկու խաղերի մարկետինգում էլ կիրառվել են տեսահոլովակներ, որոնք, ի տարբերություն բուն խաղի, ունեին սյուժե ու ներկայացնում էին խաղի տարբեր պերսոնաժների ունակությունները/նախապատմությունը, TF2-ի դեպքում՝ նաև նոր խաղային ռեժիմները: Team Fortress-ի դեպքում այդ տեսահոլովակներն օգտագործում են բուն խաղի գրաֆիկան ու engine-ը, Overwatch-ը դրա փոխարեն թողարկում է թանկարժեք, բարձր պրոդուկցիոն որակով, բայց խաղի գրաֆիկայի հետ չկապված տեսահոլովակներ:

Team Fortress 2

Թողարկման ամսաթիվ. 9 հոկտեմբերի, 2007
Ստեղծող. Valve
Պլատֆորմներ. Windows, XBOX360, PS3, OSX, Linux
Metacritic. 92/100 (քննադատներ), 9.1/10 (օգտագործողներ)


Team Fortress 2-ը Valve ընկերության ստեղծած խաղ է, թողարկվել է 2007 թվին: Թողարկման պահին TF2-ն արժեր $20, Steam Sale-երի ժամանակ գինն իջնում էր մինչև $3.5: Ներկայումս այն անվճար է՝ միկրոտրանզակցիաներով: Գրաֆիկան մուլտֆիլմային-չափազանցրած է: Խաղի պերսոնաժները/պերսոնաժի դասերը 9 են՝ Pyro, Engineer, Spy, Heavy, Sniper, Scout, Soldier, Demoman, Medic: Նման փոքր քանակի շնորհիվ իրենք բոլորն ունիկալ են, իրար չփոխարինող, ու հեշտ հասկացվող:

TF2-ի խաղային հիմնական ռեժիմները 13-ն են՝ Arena, Capture the Flag, Competitive Mode, Control Point, King of the Hill, Mann vs. Machine, Mannpower, PASS Time, Payload, Player Destruction, Special Delivery, Territorial Control, Training Mode: Որոշ խաղային ռեժիմներ (օրինակ՝ Control Point, Training Mode) ունեն իրենց ենթառեժիմները: Ռեժիմներից շատերը դասական են, բայց զգալի մասը նորարար է: Գրեթե բոլոր ռեժիմները հեշտ ընկալելի են նոր խաղացողների համար, բայց բավարար խորություն են ապահովում, որ մարդիկ կարողանան ինքնակատարելագործվել:

TF2-ը իր մեջ կրում է Valve-ի բազմաթիվ ավանդույթներ՝ վերցնել խոստումնալից ու լավ մշակված մոդ, մոդի հիման վրա ստեղծել առանձին լիարժեք խաղ, որի մեջ կլինի մաքուր, չշեղող դիզայն, հղկած գեյմփլեյ ու գրեթե ոչ մի ավելորդություն: Միկրոտրանզակցիաները հնարավորություն են տալիս գնել ինչպես կոսմետիկ իրեր, այնպես էլ իրեր, որոնք կփոխեն գեյմփլեյը՝ հնարավորություն տալով այն հարմարեցնել կոնկրետ խաղացողի նախընտրած խաղային ոճին: Սա էլ է ստեղծում խորության նոր շերտ:

TF2-ը ունի հարյուրավոր քարտեզներ, Source Engine-ի Hammer Map Editor-ի շնորհիվ հանրության ցանկացած անդամ կարող է ստեղծել իր քարտեզները: Ապահովում է նաև Steam Workshop-ի միջոցով մոդերի ինտեգրացիա: TF2-ով կարելի է նաև սեփական տեսահոլովակները նկարել՝ Source Filmmaker-ի միջոցով: TF2-ի ուժեղ գծերից է նաև արտակարգ լավ իմպլեմենտացված FOV-ի համակարգը: Եթե չգիտեք, թե ինչ է FOV-ն՝ այն որոշում է, թե ինչքանով է մեծ ձեր տեսադաշտը: Ինչքան ավելի մոտ է մոնիտորը, այնքան ավելի մեծ FOV է պահանջվում, որ դուք հարմար խաղաք: Դրան գումարվում է բարձր FOV-ի մեկ այլ ակնհայտ առավելություն՝ ինչքան բարձր է FOV-ն, այնքան շատ բան եք դուք տեսնում: Մարդկային երկու աչքերի միացյալ FOV-ն 135 աստիճան է ուղղահայաց, 200 աստիճան՝ հորիզոնական: Բնական զգացողություն ապահովելու (ու motion sickness-ից խուսափելու) համար FOV-ն հակադարձ համեմատական է աչքի ու էկրանի հեռավորությանը, ուղիղ համեմատական՝ էկրանի չափսերին: Սրա տրամաբանությունը հեշտ է հասկանալ. իդեալական FOV-ն հավասար է ձեր տեսադաշտի այն մասին, որը զբաղեցնում է էկրանը: Ինչքան մեծ է էկրանն, այնքան այդ անկյունը մեծ է: Ինչքան հեռու է էկրանն, այնքան այդ անկյունը նվազում է: Լավ, փոփոխվող FOV-ի հնարավորությունը վերջին շրջանում հազվադեպ է պատահում՝ կոնսոլներից պորտ արած խաղերի ժամանակաշրջանի հետևանքներից, բայց վերջին երկու տարիների ընթացքում ավելի ու ավելի շատ խաղեր են սկսել վերադարձնել այդ ֆունկցիան:

Խաղն անընդհատ թարմացվում է Valve-ի կողմից: Չնայած պատկառելի տարիքին, ունի ակտիվ հանրություն: Ընդհանրապես, TF2-ը շատ է շահում Steam-ի էկոհամակարգի հետ ինտեգրացիայից: Ինչպիսի դրություն է խաղի կոնսոլային տարբերակնրի դեպքում՝ չեմ կարող ասել, քանի որ չեմ փորձել: Եթե խաղերի ստեղծմամբ եք զբաղվում, կամ պարզապես հետաքրքիր է, կարող եք կարդալ, թե ինչպես Valve-ին հաջողվեց չորս տարում վճարովի մոդելից անցնել Free2Play-ի այստեղ:

TF2-ի թերություններից մեկն է իր տարիքը: Շատ մարդիկ այնքան են խաղացել, որ հոգնել են TF2-ից: Բարեբախտաբար, ոճայնացված, cel-shading-ով գրաֆիկան գրեթե չի հնացել ու մինչև հիմա բավականին լավ է նայվում: Source Engine-ը արդեն 12 տարեկան է, ու չնայած թարմացումներին, արդեն չափազանց հին է ու նոր համակարգերի վրա երբեմն խնդիրներ է ստեղծում: Team Fortress 2-ը հասանելի չի նաև նոր սերունդների կոնսոլների համար: DotA2-ը՝ Valve-ի մեկ այլ խաղ, նույնպես հիմնված Source Engine-ի վրա, արդեն անցել է նոր Source 2 Engine-ի, իսկ TF2-ը դեռ նման թարմացում չի ստացել: Հանրությունը հաճախ բողոքում է նրանից, որ Valve-ն ավելի շատ կենտրոնանում է խաղին նոր «գլխարկներ»՝ կոսմետիկ իրեր ավելացնելու, քան գեյմփլեյը կատարելագործելու վրա: Որոշ պերսոնաժներ (Demoman, Soldier) քննադատվում են պակաս skill պահանջելու համար, քանի որ AOE Damage-ի (տարածային վնաս հասցնելու) լայն հնարավորություններ ունեն: Free2play մոդելը նաև նշանակում է, որ ստիպված կլինեք գործ ունենալ լիքը մանկահասակների ու ընդհանրապես ադեկվատ խաղալու ունակությունից և/կամ ցանկությունից զուրկ մարդկանց հետ: Միշտ կգտնվեն ապուշներ, որոնք նոր Steam Account կբացեն ու կմտնեն TF2 միայն ուրիշների խաղը փչացնելու նպատակով: Անկախ այս բոլոր գործոններից, TF2-ն եղել է ու մնում է շատ լավ, մշակված գեյմփլեյով, հաճելի գրաֆիկայով, արտակարգ հումորով խաղ:

Overwatch

Թողարկման ամսաթիվ. 24 մայիսի, 2016
Ստեղծող. Blizzard Entertainment
Պլատֆորմներ. Windows, XBOX ONE, PS4
Metacritic. 91/100 (քննադատներ), 6.8/10 (օգտագործողներ)


Blizzard-ը երկար ժամանակ էր, ինչ նոր IP-ներ չէր ստեղծում՝ նախընտրելով հիմնել իր նոր խաղերը Starcraft-Warcraft-Diablo երեք հաջող խաղերի վրա: Վերջապես, նրանք որոշեցին լրիվ նոր բան փորձել՝ Overwatch-ը: Եթե Valve-ը սիրում է աշխատանքի վերցնել լավ մոդեր ստեղծողներին ու մոդերը վերածել լիարժեք խաղերի, ապա Blizzard-ը նույնպես իր ավանդույթներն ունի: Blizzard-ը վերցնում է ուրիշների ստեղծած խաղերը (ոչ միշտ համակարգչային), դրանք պարզեցնում, փայլելու աստիճանի մշակում, գեղեցկացնում, ու թողարկում իր անվան տակ: Warcraft-ը այդ մեթոդով ստացվել է Warhammer Fantasy-ից, Starcraft-ը՝ Warhammer 40K-ից, Diablo-ն՝ Dungeons & Dragons-ից: Չէի ասի, թե դա ուղղակի գրագողություն է՝ չնայած գաղափարների ազատ փոխառմանը, Blizzard-ը կառուցում էր իր սեփական գեյմփլեյը, պատմում իր սեփական պատմությունները, ինչի արդյունքում նշածս երեք խաղերն էլ ոչ թե իրենց նախատիպերի նմանակներ են, այլ լրիվ ինքնուրույն խաղեր:

Overwatch-ն այս առումով նույնպես բացառություն չի՝ այն առանց թաքցնելու փոխառում է Team Fortress 2-ի մեխանիկաներից շատերը: Ինչպես TF2-ը, այն միկրոտրանզակցիաների միջոցով թույլ է տալիս կոսմետիկ իրեր գնել (ի տարբերություն TF2-ի՝ միայն կոսմետիկ, ու միայն Blizzard-ի կողմից ստեղծված): Կտրուկ տարբերությունն այն է, որ Overwatch-ը գրեթե լիարժեք խաղի գնով է վաճառվում՝ $40 PC-ի համար ($60, եթե ուզում եք գնել հատուկ Origins Edition-ը), $60` կոնսոլների համար: Overwatch-ն ունի 21 պերսոնաժ՝ բոլորն իրենց յուրահատուկ ունակություններով, բայց պերսոնաժները բաժանված են 4 հիմնական դերերի՝ Offense, Defense, Tank, Support: Այս բաժանումը բխում է հիմնականում MMORPG ու MOBA ժանրերում տարածված Carry/Tank/Support բաժանումից, բայց հաշվի է առնում Overwatch-ի խաղային ռեժիմների առանձնահատկությունները:

Խաղային ռեժիմների առումով, Overwatch-ը շատ ավելի աղքատ է, քան Team Fortress 2-ը (ու լիքը ուրիշ հաջողակ FPS-ներ): Ռեժիմները չորսն են՝ Assault, Escort, Hybrid, Control: Assault-ը գործնականում նույն TF2-ի Control Point-ն է, Escort-ը՝ Payload-ը, Hybrid-ն ընդամենը նախորդ երկու ռեժիմների համադրություն է՝ սկսում է որպես Assault, շարունակվում որպես Payload: Control-ը նույն Territorial Control-ն է: Քարտեզների քանակը նույնպես չի տպավորում՝ 13 հիմնական քարտեզ: Չնայած Blizzard-ը խոստանում է անվճար նոր քարտեզներ ավելացնել խաղին (միկրոտրանզակցիաների առկայությունը full-priced խաղում, ինչը բավականին տհաճ հակում է ժամանակակից խաղերում, երևի խաղի համար ավելի երկար թարմացումներ ապահովելու համար է), մոդեր ու սեփական քարտեզներ ստեղծելու հնարավորություն մոտ ապագայում չի նախատեսվում:

Միկրոտրանզակցիաների ներառումն Overwatch-ի մեջ, միգուցե ես շատ կոշտ արտահայտվեմ, անձամբ ինձ համար հնչում է որպես «մենք ձեզ կվաճառենք կիսատ խաղ, դուք շարունակեք խաղի վրա փող ծախսել, իսկ մենք խաղի համար նոր քարտեզներ, պերսոնաժներ ու ռեժիմներ կստեղծենք»: Ուրեմն տեսնենք՝ ինչով է Overwatch-ը կոմպենսացնում պարունակության տեսանկյունից աղքատությունը:

Բնականաբար, մենք ունենք Blizzard-ի հղկված, պարզ, արագ գեյմփլեյը, մոբիլության աստիճան, որն առկա չի Team Fortress 2-ում (որոշ հերոսներ թռնում են, տելեպորտացիա անում, մագլցում խոչնդոտների վրա, դրա միջոցով տակտիկական առավելություն ձեռք բերելով), գրաֆիկան նույնպես ոճայնացված ու տպավորիչ է ու, կարծում եմ, TF2-ի օրինակով՝ շուտ չի հնանա: Ցավոք, FOV-ի փոփոխության իմպլեմենտացիան առնվազն պրիմիտիվ է, ու նույնիսկ մաքսիմալ FOV-ը շատ խաղացողներ համարել են ոչ բավարար: Չնայած բավականին գեղեցիկ լինելուն, Overwatch-ի գրաֆիկան չի մտնում «ցնցող/էպիկ» կատեգորիայի մեջ

Overwatch-ի մյուս մեծ առավելությունը մարկետինգն է: Մեծաբյուջե մարկետինգի շնորհիվ Overwatch խաղալը մոդայիկ է, նաև այն մարդկանց շրջանում, ովքեր տարիքային կամ այլ պատճառներով TF2-ը բաց են թողել: Եթե ձեր ծանոթներից ինչ-որ մեկը սիրում է shooter-ներ ու հնարավորություն ունի Overwatch գնել, նա հավանաբար արդեն գնել է Overwatch ու խաղում է այն:

Ցավոք, սա բերել է մի հետևանքի՝ Overwatch-ի հանրությունը սկսել է հիշեցնել XBOX LIVE-ի Call of Duty-ի հանրությունը: Կարճ ասած, բավականին մեծ վտանգ կա ձեր ընտանիքի անդամների սեռական կյանքի մասին ինֆորմացիա ստանալ ձեր երեխաների տարիքի մարդկանցից: Քանի որ խաղը Free2Play չի, գիտակցաբար ուրիշների խաղը փչացնողների քանակը նույնպես ավելի փոքր է: Բայց փորձեք խաղալ Ladder, ու ձեզ մոտ տպավորություն կստեղծվի, որ նորից բանակում եք, ու նորից ընկել եք էն ամենաուստավ պրապորշիկի թափի տակ:

Եթե նկատեցիք, Overwatch-ի քննադատների ու խաղացողների գնահատականները Metacritic-ում կտրուկ տարբերվում են: Քննադատների դրած գնահատականը նշանակում է փառք ու պատիվ, երբ խաղացողների գնահատականը միջակ էր: Միգուցե սա բացատրվում է նրանով, որ քննադատները ստիպված չեն մտածել խաղի գնի դիմաց տրամադրած արժեքի մասին: Միգուցե պարունակության պակասն իրեն զգալ է տալիս երկար խաղալու դեպքում: Ցանկացած դեպքում, Overwatch-ի առնվազն PC տարբերակն այնքան էլ խանդավառ չի ընդունվել խաղացողների հանրության կողմից:

Արդյոք Overwatch-ն ու TF2-ն փոխադարձ փոխարինող են՝ դժվար է ասել: Overwatch-ը երկուսից միակն է, որ հասանելի է նոր սերնդի կոնսոլների համար, իսկ TF2-ը կարելի է խաղալ Linux օպերացիոն համակարգով կամ Apple ընկերության համակարգիչների վրա: Blizzard-ն իր խաղի մեջ զգալի փոփոխություններ է մտցրել, որոնք բավականաչափ փոխել են խաղի տակտիկաներն ու զգացողությունները, որպեսզի խաղացողը չմտածի, թե ինքը պարզապես TF2-ի կլոն է խաղում: Անձամբ իմ կարծիքով, Overwatch-ի պարունակությունը չի արդարացնում իր գինը: Ինչ վերաբերում է նրան, արդյոք իմաստ ունի ժամանակ ծախսել Overwatch-ի վրա՝ կախված է միայն նրանից, թե ինչքանով է խաղալու պրոցեսն անձամբ ձեզ հաճույք պատճառում, ու արդյոք Blizzard-ը հասցնում է այնքան արագ նոր պարունակություն ավելացնել խաղին, որ հաճույքը ձանձրույթի չվերածվի:

No comments:

Post a Comment

Copyright © Bayandur Poghosyan & The Armanian Backlog Team. Use of materials from this blog allowed under Creative Commons Attribution-Share Alike 4.0 license. Powered by Blogger.

The Armenian Backlog Logo Blogger logo     Creative Commons License     Yerevan Unofficial Logo Made with love in Yerevan