Friday, October 21, 2016

Switch: նոր տնային/պորտատիվ կոնսոլ Nintendo-ից

Nintendo Switch

Ես հարգում եմ Nintendo ընկերությունը: Ոչ միայն NES/SNES խաղային համակարգերի հետ կապված բարի հիշողությունների հաշվին, այլ նաև ներկայումս կոնսոլների շուկա նորարարություն մտցնելու համար:

Այնպես որ, երբ Nintendo-ն նոր սարք է հայտարարում, դա միանգամից հետաքրքիր է: Ցավոք, Nintendo Switch-ի տեխնիկական բնութագրերը դեռ հասանելի չեն, ու սարքի մասին կարող ենք դատել միայն Nintendo-ի հրապարակած տեսանյութի ու մի քանի լուսանկարների միջոցով:

Այսպիսով, փորձենք հասկանալ, թե ինչ է Nintendo Switch-ը:


Մենք նորից տեսնում ենք ոչ իտերատիվ, լրիվ թարմ մոտեցում: Այս անգամ Nintendo-ն կարծես թե որոշել է համատեղել իր պորտատիվ ու տնային կոնսոլները՝ պլանշետ, կոնտրոլլեր որը կարելի է օգտագործել թե՛ առանձին, թե՛ կես-կես, թե՛ պլանշետի վրա կցված: Նման փորձ արդեն արել էր NVIDIA-ն իր Shield-ով: Բայց եթե Shield-ն ուներ խաղերի բավականին սուղ ցանկ, ու հիմնականում դրական գիծը ձեր համակարգչի վրայի խաղերը ցանցով stream անելն էր, ապա Nintendo Switch-ը լիարժեք կոնսոլ է, որը կարող է անցնել պորտատիվ ռեժիմի: Տեսահոլովակն արդեն ցուցադրում է բավականին տպավորիչ խաղադարան՝ ես հասցրեցի նկատել հետևյալ խաղերը.

  • The Legend of Zelda: Breath of the Wild
  • The Elder Scrolls 5: Skyrim
  • Նոր Super Mario
  • NBA շարքի խաղ
  • Splatoon
  • Mario Kart
Ինչը թեև կանխատեսելի, բայց բավականին կայուն խաղացանկ է նոր թողարկվող կոնսոլի համար: Հետաքրքիր է, որ Switch-ը կարողանում է նույն խաղերն ապահովել թե՛ ստացիոնար, թե՛ պորտատիվ ռեժիմներում: Ենթադրում եմ, որ պորտատիվ ռեժիմում այն HD720 resolution է ապահովում, իսկ եթե docking station-ը հնարավորություն է տալիս լավացնել սարքի գրաֆիկական հնարավորությունները, ապա ստացիոնար ռեժիմում միգուցե HD1080 ապահովի:

Բնականաբար, առաջանում են մի քանի հարցեր, որոնց տեսահոլովակը չի կարող պատասխանել. սարքի քաշը պորտատիվ ռեժիմում, մարտկոցով աշխատանքի տևողությունը, լրացուցիչ լիցքավորող սարքի հնարավորությունը և այլն: Դեռ հայտնի չեն նաև սարքի գինը, արդյոք էկրանը touchscreen է, ստիլուս նախատեսվում է, թե ոչ, և այլն:

Սարքի ամենագրավիչ հատկություններից էր մուլտիպլեերը: Ավելի ճիշտ՝ մուլտիպլեերի բոլոր տեսակները, որ սարքն ապահովում էր՝ split-screen, կոնտրոլլերը կես-կես օգտագործել, երկու և ավելի սարքով խաղալ իրար հետ:

Այնպես որ՝ Nintendo Switch-ը խոստումնալից սարք է, բայց արդյոք այն կենսունակ կլինի ժամանակակից կոնսոլային շուկայում՝ կկարողանանք ասել միայն երբ հայտնի լինեն խաղի գինն ու խաղացողների անձնական փորձը սարքի հետ:

Nintendo Switch-ը խանութներում կհայտնվի 2017-ի մարտին:

No comments:

Post a Comment

Copyright © Bayandur Poghosyan & The Armanian Backlog Team. Use of materials from this blog allowed under Creative Commons Attribution-Share Alike 4.0 license. Powered by Blogger.

The Armenian Backlog Logo Blogger logo     Creative Commons License     Yerevan Unofficial Logo Made with love in Yerevan