Friday, October 21, 2016

PLAYSTATION 4: Հաճախակի տրվող հարցեր

Sony Playstation

Ավելորդ անգամ չծավալվելով խաղային սարքերի առավելությունների և թերությունների շուրջ, ու չփորձելով պլատֆորմային պատերազմների նոր ալիք բարձրացնել, փորձեցի գրել փոքրիկ ուղեցույց Playstation 4 գնած մարդկանց համար՝ հիշելով PS4-ի մասին իմ ամենահաճախ լսած հարցերը:

Հնարավո՞ր է արդյոք անվճար (տես՝ torrent) կամ շատ էժան գնված դիսկերով (տես՝ ոչ լիցենզիոն) խաղեր խաղալ Playstation 4-ով:
Ձեր սեփական հաշվին պատկանող խաղեր ձեռք բերելու կողմնակի մեթոդներ չկան: Եթե գնել եք Playstation 4, ապա պատրաստ եղեք գնել լիցենզիոն դիսկեր կամ նույն խաղերը օրինական կերպով ներբեռնել անմիջապես PS Store օնլայն խանութից: Որոշակի կայքերում կա հնարավորություն էժան գնով գնել օգտագործողի հաշիվներ (PSN account)՝ հաշվին պատկանող խաղերով, բայց ինքս այս մեթոդի սիրահար չեմ, և չեմ ցանկանում այն խրախուսել:

Խաղերը գնեմ դիսկերո՞վ, թե՞ օնլայն խանութից (PS Store):
Ես ինքս երկու տարբերակից էլ օգտվում եմ: Մեծ ААА խաղերի դեպքում գերադասում եմ դիսկերը:

Դիսկերի առավելություններ/PSN-ի մինուսներ՝
  • Օնլայն խանութում գնված խաղի դեպքում պետք է սպասեք, որ այն ինտերնետով ներբեռնվի: Ժամանակակից մեծ խաղերը կարող են կշռել մինչև 50-60Gb, որը, կախված ձեր ինտերնետի արագությունից, կարող է բեռնվել մի քանի ժամից մինչև մի քանի օր: PS4-երը գործարանային գալիս են փոքր հարդ-դրայվով (500GB, որից օգտգործման ենթակա է 400-ը), և ինչ-որ ժամանակ անց պետք կլինի միջից խաղեր ջնջել՝ նորերի համար տեղ ազատելու համար: Այս դեպքում դիսկով միշտ ձեռքի տակ ունեք հին խաղն, ու նորից խաղալու համար պետք է սպասել ընդամենը մեկ երկու րոպե:
  • Դիսկերը հնարավոր է վաճառել/նվիրել/պարտքով տալ: Հնարավոր է նաև էժան գնով գնել օգտագործած դիսկ նույն Amazon.com-ից:
  • Եթե հնաոճ եք, ու սիրում եք վճարված գումարի դիմաց ստանալ մի բան, որին  կարող եք ձեռքերով դիպչել, ապա դիսկն ավելի նախընտրելի է:
Դիսկերի մինուսներ/PS Store-ի առավելություններ՝
  • Կարիք չկա այլ խաղ խաղալու համար դիսկը փոխել:
  • Դիսկը կարող է կորել/փչանալ, ինչի արդյունքում կկորցնեք խաղը (պետք է նշել,որ լիցենզիոն Blu-Ray դիսկերը բավականին որակով են և շնորհքով օգտագործելու դեպքում շուտ չեն փչանա):
  • Խաղերի մեծ մասը չի վաճառվում դիսկերով: Փոքր/ինդի խաղերի մեծ մասը հնարավոր է գնել միայն PS Store-ից ներբեռնելով:
  • PS Store-ում հաճախ լինում են ժամանակավոր մեծ զեղչեր, որոնց ընթացքում խաղերը կարելի է գնել շատ ավելի էժան, քան չօգտագործած դիսկի գինն է:
  • Նոր դուրս եկած խաղերը կստանաք անմիջապես լույս տեսնելու օրը:

Ինչպե՞ս գնեմ դիսկեր, և որտեղի՞ց:
Նախ պետք է նշել, որ դիսկերը տարբերվում են ըստ տարածաշրջանների (Ամերիկա, Եվրոպա, Ասիա): Ցանկացած տարածաշրջանիի դիսկ կաշխատի ցանկացած տարածաշրջանից գնված PS4 –ի վրա, սակայն՝
  • Ամեն տարածաշրջանից գնված դիսկը պարունակում է միայն այդ տարածաշրջանի երկրների լեզուները, այսինքն եթե ձեր համար կարևոր է, որ խաղը թարգմանված լինի ռուսերեն, ԱՄՆ-ից դիսկ մի պատվիրեք:
  • Դիսկով գնված խաղի համար DLC քաշելու համար կարող եք օգտվել միայն նույն տարածաշրջանի PS Store-ից (չի վերաբերվում update patch-երին, որոնք միշտ ինքնուրույն բեռնվում են ցանկացած պարագայում):
Եթե անգլերենի հետ խնդիրներ չունեք, ամենահարմար տարբերակներից է amazon.com-ը, որտեղ լինում են զեղչեր, կարելի է գնել օգտագործված դիսկեր ավելի էժան գնով, նոր դիսկերի գինը իջնում է խաղի հնանալուն համաչափ: Ամազոնը չունի փոխադրում դեպի Հայաստան, սակայն կարող եք օգտվել Onex կամ Globbing ընկերությունների ծառայություններից, և մոտ 10 օրում կստանաք Ձեր դիսկն՝ ընդհանուր վճարելով շատ ավելի էժան, քան մեր տեղական խանութներում: Ամերիկյան դիսկեր գնելիս խորհուրդ է տրվում բացել ամերիկյան PSN հաշիվ, որ գնված լրացուցիչ քոնթենթը համապատասխանի ձեր խաղի տարածաշրջանին:

Ռուսական դիսկեր ինքս չեմ գնում, սակայն ենթադրում եմ, որ ռուսական օնլայն խանութներում դրանք գնելն ու ստանալն էլ ավելի հեշտ է, քան ամերիկյաններում:

Դիսկից խաղն install անելուց հետո դիսկը պե՞տք է:
Այո, խաղը կմիանա միայն եթե դիսկը կոնսոլի մեջ է: Ձեր դիսկը հանդիսանում է ոչ միայն կրիչ խաղի համար, այլ նաև խաղն աշխատացնելու բանալի: Եթե չլիներ այս պահանջը, մեկ դիսկից անսահմանափակ մարդիկ կկարողանային օգտվել, խաղը բեռնելով և դիսկը հաջորդին փոխանցելով:

PSN-ում գրանցվելիս հնարավոր չէ երկիրը Armenia գրանցել:
Ցավոք սրտի՝ այո: Հայաստանը չկա PSN-ի կողմից սպասարկվող երկրների ցանկում: Հայաստանում մարդկանց մեծ մասը գրանցվում է երկիրն ԱՄՆ կամ Ռուսաստան: Հասցեի դաշտում տվյալ երկրի կամայական հասցե գրեք (ոչ մի բանի վրա չի ազդելու): Հաշվի առեք, որ ԱՄՆ գրանցելով, հետո ներբեռնած խաղերում չի լինի ռուսերեն թարգմանություն: Սակայն կարող եք գրանցել մի անգամից մի քանի հաշիվ և օգտվել մի քանի երկրների օնլայն խանութներից (կարող է հարմար լինել, քանի որ ամեն երկրում իր առանձին գներն են ու զեղչերը):

PSN-ում գրանցվելիս հնարավոր չէ վճարել հայկական բանկային քարտով:
Ցավոք սրտի՝ այո: Հայաստանից վճարում կարող եք կատարել միայն PSN Gift card-երի միջոցով: Ամերիկյան PSN-ի նվեր քարտերի կոդ կարող եք գնել հետևյալ եղանակով՝
  • Ամազոնում ձեր հասցեներին ավելացրեք կամայական ամերիկյան հասցե (ինտերնետում կան բազմաթիվ կայքեր, որոնք կարող են ձեզ տրամադրել  պատահական ամերիկյան հասցեի տվյալներ):
  • Ամազոնում գնեք PSN քարտ՝ նշելով ամերիկյան հասցեն (հայկական հասցեով գնումը չի թույլատրվի):
  • Ամազոնը Ձեզ անմիջապես կտրամադրի նվեր քարտի կոդը (ինչպես նաև կուղարկի այն Ձեր էլեկտրոնային հասցեին): Ձեր նշած ամերիկյան հասցեին ֆիզիկապես ոչինչ չի ուղարկվում:
  • Ստացած կոդը հավաքեք PS Store-ում՝ քարտի գումարը ձեր հաշվին ավելացնելու համար
Նմանատիպ մեթոդով կարող եք գնել նաև օրինակ բրիտանական PSN-ի քարտեր, համապատասխանաբար՝ amazon.co.uk-ից:

Ռուսական PSN քարտեր կարող եք գնել, օրինակ, plati.ru կայքից:

Ինչպե՞ս կարող եմ ընկերոջ հետ կիսվել PS Store-ից օնլայն գնված խաղով:
PS4-ի վրա ցանկացած օգտագործողի հաշվի համար կա 2 ռեժիմ՝ հիմնական կոնսոլ և երկրորդական կոնսոլ: Եթե ձեր հաշվի համար ակտիվ է Հիմնական կոնսոլ (primary) ռեժիմը, ապա տվյալ PS4 կոնսոլի վրա մուտք գործած բոլոր հաշիվները կարող են խաղալ ձեր հաշվով գնված խաղերը: Երկրորդական (secondary) ռեժիմում, տվյալ կոնսոլի վրա ձեր հաշվի գնված խաղերը կարող եք խաղալ միայն ձեր հաշվից մուտք գործելով: Primary ռեժիմ կարող եք ակտիվացնել միայն մեկ PS4 կոնսոլի վրա, ինչը պարբերաբար ինտերնետի միջոցով ստուգվում է Sony-ի կողմից:

Այսպես, եթե Ձեր ընկերոջ տանը գտնվող PS4-ի վրա մուտք գործեք ձեր հաշվով  և իր PS4-ը ակտիվացնեք որպես հիմնական, նա կկարողանա օգտվել Ձեր գնված խաղերից և PS Plus բաժանորդագրությունից:  Սակայն, արդյունքում, եթե Ձեր տանը կա այլ հաշվի օգտատեր, նա Ձեր տան PS4-ի վրա չի կարողանա խաղալ Ձեր խաղերը:

Ի՞նչ է Playstation Plus-ը, և արդյոք արժի՞ դրա համար վճարել:
PS Plus-ը բաժանորդագրային ծառայություն է: 1 տարվա բաժանորդագրությունն արժի $60, ավելի կարճ ժամանակահատվածներն ավելի թանկ են նստում:
Ինչ է այն տալիս՝
  • Instant Game Collection. Ամսական 6 «անվճար» խաղ` 2-ական Playstation-ի ամեն կոնսոլի համար (PS3, PS4, PS Vita): Կարող եք օգտվել IGC-ի միայն այն խաղերից, որոնք ձեռք եք բերել ձեր բաժանորդագրության ակտիվության ժամանակ, և քանի դեռ ձեր բաժանորդագրությունը ակտիվ է
  • Լրացուցիչ զեղչեր PS Store-ից գնումեր կատարելիս
  • Օնլայն խաղալու հնարավորություն (միայն PS4-ի դեպքում)
  • 30GB տարածք cloud storage-ում խաղերի սեյվերը բեքափ անելու համար (10-ական ամեն կոնսոլին)
Բաժանորդագրվելու նպատակահարմարությունը ուղիղ համեմատական է խաղերին տրամադրվելիք ձեր ժամանակին: Եթե շատ եք խաղում, տարբեր խաղեր եք խաղում, օնլայն էլ եք խաղում, ունեք Playstation-ի կոնսոլներից ամբողջ 3-ը, ապա բաժանորդագրվելով լիովին կօգտվեք և բոլոր անվճար խաղերից, և լրացուցիչ զեղչերից:

Տխուր փաստն այն է, որ եթե Playstation 4-ը գնել եք գլխավորապես մեկ խաղ օնլայն խաղալու համար՝օրինակ FIFA կամ Destiny, ապա ստիպված եք բաժանորդագրվել միայն այդ խաղը օնլայն խաղալու համար:

Առանց PS Plus-ի չե՞մ կարող օնլայն խաղալ:
Որոշ քիչ խաղերի դեպքում կարող եք, բայց հիմնականում՝ ՈՉ:

PS4-ից օգտվելու համար հեռուստացու՞յց է պետք:
Անպայման չէ՝ PS4-ից կարող եք օգտվել նաև ունենալով սովորական համակարգչի մոնիտոր, եթե այն ունի HDMI մուտք:

Հնարավո՞ր է արդյոք մեծացնել Playstation 4-ի հիշողությունը:
Այո, 500GB հիշողությունը հեշտությամբ կարող եք մեծացնել մինչև 1 կամ 2TB, եթե ոչ ավել: Ինտերնետում կան բազմաթիվ ուղեցույցներ,թե ինչ հարդ-դրայվ գնել և ինչպես տեղադրել:

Արժի՞ գնել Playstation Camera/ PS Move
Playstation Camera-ն պետք է, եթե ուզում եք ձայնագրել/հեռարձակել ձեր խաղի վիդեո այնպես, որ ձեր դեմքն էլ երևա:

Playstation Camera/ PS Move-ը նաև պետք են դրանք օգտագործող խաղերը խաղալիս, սակայն տվյալ պահին PS4-ի վրա համարյա չկան նման խաղեր (մտքիս միայն Just Dance-ն է գալիս): Սակայն եթե պատրաստվում եք մոտ ապագայում գնել Playstation VR վիրտուալ իրականության սարքը, ապա playstation camera-ն անհրաժեշտ կլինի, իսկ move-ը խիստ ցանկալի VR խաղերը խաղալու համար: Կարծում եմ, եթե չունեք Playstation VR, ապա կամերան էլ գրեթե երբեք պետք չի գա։

Ի՞նչ են trophy-ները և ինչի՞ համար են պետք:
Tropհy-ները համարժեք են Xbox-ի կամ Steam-ի achievement-ներին: Սրանք լրացուցիչ առաջադրանքներ են, որոնք ամեն խաղի հեղինակն ինքն է սահմանում (անցնել խաղը ամենաբարձր դժվարության վրա, սպանել 1000 հակառակորդ, և այլն): Ձեր վաստակած trophy-ները գրանցվում են ձեր PSN հաշվին, և միշտ երևում են Ձեր և ձեր ընկերների համար: Արդյունքում դրանք՝
  • Երկարացնում են խաղի «կյանքը»: Անցել եք խաղը, սակայն ուզում եք շարունակել խաղալ այն: Trophy-ն հուշում է, թե էլ ինչ կարելի է փորձել անել խաղում:
  • Եթե ինչ-որ տպավորիչ նվաճում ունեցաք խաղում, ապա առկայության դեպքում կստանաք դրա մասին վկայող trophy:
  • Տեղյակ եք ձեր ընկերների խաղային նվաճումներից ու նախասիրություններից:
Հիմնականում բացի վիրտուալ գավաթից, ոչ մի այլ նյութական/ֆինանսական օգուտ չեք ստանում trophy ստանալով: Սակայն կարող եմ վերհիշել մեկ-երկու դեպք, երբ խաղի արտադրողը լրացուցիչ զեղչեր կամ այլ նվերներ (ps4-ի theme) է արել իր արտադրած խաղի trophy-ների տերերին:

No comments:

Post a Comment

Copyright © Bayandur Poghosyan & The Armanian Backlog Team. Use of materials from this blog allowed under Creative Commons Attribution-Share Alike 4.0 license. Powered by Blogger.

The Armenian Backlog Logo Blogger logo     Creative Commons License     Yerevan Unofficial Logo Made with love in Yerevan